Մարտի 2-ին լրանում է 20-րդ դարի հայտնի պրիմա-բալերինա, պարուսույց և դերասանուհի Թամարա Թումանովայի ծննդյան 106-ամյակը:
Թումանովան ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Տյումեն քաղաքում։ Նա սերում էր Թումանիշվիլի (Թումանյան) հայ-վրացական իշխանական տոհմից։ Նրա ընտանիքը լքել է Ռուսաստանը՝ բնակություն հաստատելու Շանհայում, որտեղ 1920-ականների սկզբին Թամարան տեսել է Աննա Պավլովայի ելույթը, որը հյուրախաղերով հանդես էր գալիս Հեռավոր Արևելքում: 1925 թվականին ընտանիքը հայտնվել է Կահիրեում և փախստականների ճամբարներում շրջելուց հետո հայտնվել Փարիզում։
Փարիզում Թումանովան հաճախել է դաշնամուրի դասերի, իսկ 1925 թվականից սկսել է բալետ սովորել Օլգա Պրեոբրաժենսկայայի դպրոցում,։ Ժամանակին նրան անվանել են «Ռուսական բալետի սև մարգարիտ»։ Անշուշտ, նա լավագույնն էր:
Սկսած 1930-ական թվականներից Թումանովան նվաճել է Եվրոպայի առաջատար բալետային բեմերը՝ Փարիզի «Գանդ օպերան», Միլանի «Լա Սկալա»-ն, Լոնդոնի «Քովենթ Գարդեն»-ը։
Թամարան շատ մտերիմ էր Ալեքսանդր Գլազունովի, Սերգեյ Պրոկոֆևի, Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի հետ։
Թումանովան փայլել է ոչ միայն բալետի բեմում, այլև էկրանին։ Իր առաջին ֆիլմ-բալետը «Իսպանական Ֆիեստան» էր (1942), ), որի ռեժիսորը Ժան Նեգուլեսկոն էր։ Նա նկարահանվել է գնչու գուշակի դերում։ Լեոնիդ Մյասինի հետ Թումանովան կատարել է իսպանական ժողովրդական պարեր։
Երբ բալերինան տեղափոխվել է ԱՄՆ, նրան օգնել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, ով անմիջապես նկատել է նրա տաղանդը։
Թամարա Թումանովան կյանքից հեռացել է 1996 թվականի մայիսի 2-ին ԱՄՆ-ում: Թաղված է Հոլիվուդի Hollywood Forever գերեզմանատանը՝ մոր հետ նույն գերեզմանում։