Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է առողջապահական հրատապ խնդիրներ

Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում են եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները: Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականացմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին:


Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները: Զրուցակիցները միակարծիք են եղել առողջական սպասարկման իրականացման համար նախատեսված առկա պայմանների բարելավմանն ուղղված քայլերի հաջորդականության հարցում, ինչպես նաև կարևորել են ընդհանրական մոտեցումների սահմանումը քաղաքացիական բուժկենտրոններում ազատազրկվածների անվտանգային հարցերի վերաբերյալ:


Աղբյուր: www.1lurer.am


05.02.2025 в 14:46

Լուրեր Հայաստանում