Քարոզչական պատերազմի նոր փուլ
Երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև ամիսներ տևող քարոզչական փոխհրաձգությունը, որը Գյումրիի ՏԻՄ ընտրությունների շրջանում փոքր-ինչ պասիվացել էր, նորից մտել է «թեժ» փուլ։ Կրակին բենզին լցնողը եղավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն իր վերջին շրջանի հարցազրույցներից մեկում հանդգնել էր ասել ճշմարտությունը՝ հանրության շրջանում նախկին նախագահների նկատմամբ ատելությունը սարսափելի մեծ է, ինչն անդրադարձավ նաև Գյումրիի ընտրությունների քվեարկության պատկերի վրա։ Ըստ այդմ՝ ընդդիմադիր թեկնածուներից ոմանք ասոցացվեցին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ և ցածր տոկոսներ ստացան, մինչդեռ եթե չնույնացվեին, նրանց հավաքած տոկոսներն ավելի տպավորիչ կլինեին։
Աջապահյանի կծու քննադատությունը
Աջապահյանն իր հարցազրույցում պարիտետը խախտել է՝ առանձնահատուկ տեղ հատկացրել Սերժ Սարգսյանին և նրա հասցեին կծու, թթու, դառը խոսքեր շռայլել, ընդհուպ կասկածի տակ դրել վերջինիս տղամարդկությունը՝ նրան հակադրելով «իսկական տղամարդ» Ռոբերտ Քոչարյանին։
«Սերժ Սարգսյանին ամենաշատն եմ քննադատում, քանի որ ինքը եղել է հիմնական դերակատարը ընդդիմության էս կոլապսի... Էդ մարդը հայտարարել ա, որ ՀՀ-ն դառնալու ա սպիդի բուժման կենտրոն, որ էդպես էլ չդարձավ... Իսկ Քոչարյանն ինչ ասել ա, արել ա՞: Այո, իհարկե։ Մեծամասամբ այո։ Նա տղամարդ ղեկավար է»:
Սերժ Սարգսյանի թիմի արձագանքը
Շիրակի թեմի առաջնորդի անկեղծության այս վերջին պոռթկումը ցնցում առաջացրեց Սերժ Սարգսյանի թիմում։ ՀՀԿ-ի ագիտպրոպի «ծանր հրետանին»՝ Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան հոգևորականին անվանեց «շարքային նյուզմեյքեր», նրա բացախոսությունն էլ որակեց «սերժատյաց» և «հանրապետականաֆոբ» գործչի խոսույթ։
«Սրբազանը դառնում է երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ օգտագործվող անձ... Նրանք վերցնում են նրա խոսքերը և ակտիվորեն շահագործում մեր դեմ»:
Քոչարյանական կողմի մեղմ պատասխանը
Քոչարյանական դաշտից նույնպես հնչեց պատասխան հակահարվածը, սակայն՝ անհամեմատ ավելի մեղմ ու քնքուշ։ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը ծոր տվեց.
«Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… էժան, շատ էժան։ Սիրուն չի, հեչ սիրուն չի...»:
Եզրակացություն. ո՞ւմ օգտին է հակամարտությունը
Հանրությանը մնում է դատել՝ սիրուն է այս ամենը, թե տգեղ։ Սակայն ակնհայտ է, որ եթե Սերժ Սարգսյանի անվան կողքին չհոլովվեր Քոչարյանի անունը, սերժսարգսյանականները այդքան խոցելի չէին լինի։ Երրորդ նախագահի ագիտպրոպը, արձագանքելով Աջապահյանին, ակնհայտորեն նշանառություն է կատարում գլխավոր թիրախի՝ Ռոբերտ Քոչարյանի վրա։