Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ բանկերը 2024թ. 2023թ. համեմատ ավելի քան 100 մլրդ դրամի շահույթ են ունեցել։
«2024թ. բանկային համակարգն աշխատել է շահույթով և 363 մլրդ շահույթ է արձանագրել։ Եթե համեմատենք 2023թ. հետ, ապա աճը 100 միլիարդից շատ է եղել կամ մոտ 60 տոկոս։ Իսկ 2022թ. ունեցել ենք 250 միլիարդի աճ»,- ասաց նա։
Ազատյանի փոխանցմամբ՝ 2024թ. շահույթն ավելի շատ պայմանավորված է ԼՂ քաղաքացիների բռնի տեղահանության հետևանքով 2023թ. արձանագրված 80 մլրդ դրամի վնասի հետ։
Ինչ վերաբերում է բանկերի` վարկային բարձր տոկոսադրույքներով գերշահույթներ գեներացնելուն՝ Ազատյանը նշեց, որ բարձր տոկոսներ ասելով` ընդունված է հասկանալ 50-150 տոկոսանոց վարկերը, իսկ Հայաստանում նման տոկոսադրույքներ գոյություն չունեն։
«Եթե խոսքը վերաբերում է հիպոտեքային կամ սպառողական վարկերի տոկոսադրույքներին, ասել, որ դրանք բարձր են, իմ կարծիքով, ճիշտ չէ, որովհետև կարող ենք ասել, որ դա փողի՝ պահանջարկի և առաջարկի հիման վրա ձևավորվող գինն է»,- ասաց Ազատյանը։
Ի դեպ, հնարավոր խնդիրներից խուսափելու համար Հայաստանի բանկերի միության նախագահը քաղաքացիներին խորհուրդ տվեց բանկային պայմանագրերում լողացող տոկոսադրույքների պարագայում հատուկ ուշադրություն դարձնել դրանց ձևավորման պայմաններին։