Ընտրություններ և ծրագրեր
«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը, որը ընդդիմադիր քաղաքական չորս ուժերի՝ կոմունիստների, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքների Գյումրու քաղաքապետի միասնական թեկնածուն է (նա ամենայն հավանականությամբ ապրիլի 16-ին ավագանու կողմից կընտրվի քաղաքապետ՝ 5-րդ անգամ ստանձնելով այս պաշտոնը) Գյումրիին առնչվող իր ծրագրային դրույթները, այդ թվում նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելու մասին բավական մանրամասն ներկայացրել է իր քարոզարշավում՝ տարբեր թաղերում բնակիչների հետ ունեցած հանդիպումներում։
Ռազմական դպրոցի նախագիծ
Սակայն նրա ծրագրային դրույթներից արժե առանձնացնել երկուսը, որոնք բավական ուշագրավ են, և որոնց մասին նա բազմիցս կրկնում է՝ հատուկ շեշտադրելով, անգամ լրագրողներին տված հարցազրույցներում։
Եվ այսպես նրա ծրագրային դրույթներից մեկը Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ ռազմական դպրոց բացելն է։
«Շատ լավ գործեր ունենք անելու, ռազմական դպրոց ենք բացելու քաղաքում․ 8-10-րդ դասարանի երիտասարդներին պիտի անպայման սովորեցնենք թռչող անօդաչու սարքերը կառավարելը, պիտի սովորեն՝ ոնց օգտագործեն, արտադրեն, հրանոթներին ծանոթ լինեն, լավ մասնագետների ենք հրավիրելու։ Ես մինչև օրս եկեղեցիներ էի կառուցում, իմ անձնական հնարավորություններից անպայման այդ դպրոցին տրամադրելու եմ, դրսի մեր հայերին, ովքեր ցանկություն ունենա մասնակցելու, ներգրավելու ենք»,- լրագրողներին նախորդ շաբաթ տված հարցազրույցում ասաց Վարդան Ղուկասյանը։
Ֆինանսական աջակցություն
Իսկ մինչ այդ «Ձորի մայլա» կոչվող թաղամասում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր․ «Իմ ծրագրի մեջ կա ռազմական դպրոց բացելը, հիմա պիտի հարձակվես վրեքս, թե քաղաքապետարանը ռազմական դպրո՞ց։ Այո՛, ռազմական դպրոց ենք բացելու, էլ եկեղեցի չեմ կառուցելու որպես անհատ, ինձ պես շատ ընկերներ ունեմ, եթե ուզեցին երկրի համար ներդրումներ անել, ուրեմն ուղղորդելու եմ այդ ռազմական դպրոցին։ 8-10-րդ դասարանի երիտասարդներին սովորեցնելու ենք անօդաչու թռչող սարքեր պատրաստել և պարտադիր օգտագործել։ Պատկերացրեք մենք մի 30-50 հազար հատ անօդաչու թռչող սարք ունենանք, ինչ կլինի»։
Իրավական պայքար կառավարության դեմ
Նրա ծրագրերից մեկն էլ այն է, որ դատի է տալու Փաշինյանի կառավարությանը, եթե Գյումրիին հասանելիք 30 միլիարդը չհատկացրեցին։
«85 միլիարդ քաղաքից հավաքագրվում է, տարվում է հանրապետական բյուջե, այնտեղից քաղաքին տրվում է 3 միլիարդ 200 միլիոն, անպայման դրա համար պայքարելու եմ։ Հետո պայքարելու են հողհատկացման այն պտտվող մեխանիզմի դեմ, որ գնում է մարզպետարան, քաղաքաշինության նախարարություն, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հատակագիծը կա։ Էդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Եթե ընդհանուր հայտարարի չեկանք կառավարության հետ, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջին անգամ քաղաքապետարանը դատի է տալու կառավարությանը»,- ասաց Վարդան Ղուկասյանը ընտրությունների հենց հաջորդ օրը իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։