🔍

«Խորհրդի անդամները ներկայացրեցին մեր դիրքորոշումները»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ՝ մարտի 31-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց անցկացվեց ակցիա։

Ակցիայի նպատակը Արցախից բռնի տեղահանվածների սպասվող սոցիալական ճգնաժամի մասին իրազեկումն ու Խորհրդի սոցիալական բնույթի պահանջների մանրամասների ներկայացումն էր:

«Խորհրդի անդամները ներկայացրեցին մեր դիրքորոշումները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ակցիայի շրջանակներում ելույթով հանդես եկավ Խորհրդի անդամ, Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը։ Նա հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի առաջնային հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը պետք է նշանակալիորեն բարելավվեն՝ հաշվի առնելով արցախյան քաղհասարակության մտահոգություններն ու առաջարկները:

Ելույթից հետո ակցիայի մասնակիցները գրություններ արեցին նախարարության դիմաց՝ շեշտադրելով, որ բնակապահովման ծրագիրը պետք է համապատասխանեցվի շահառուների կարիքներին՝ մինչ այդ շարունակելով բնակվարձի աջակցության ծրագիրը։

Նախարարությունից հրավիրեցին ակցիային մասնակցող Խորհրդի չորս անդամի, որոնք ներկայացրեցին Խորհրդի դիրքորոշումներն ու պահանջեցին արագ ու ներառական որոշումների կայացում ներկայացված հարցերի վերաբերյալ:

Հավելենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից շարունակվելու են փոքր ու տեղային ակցիաները տարբեր թեմաներով, որոնց վերաբերյալ կտրվեն լրացուցիչ տեղեկություններ»:


31.03.2025 ժամը 18:57 | Հայաստան

Լուրեր Հայաստանում