Իրանի նախագահը զգուշացրել է Հաջիևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության:


Երկուշաբթի օրը նա Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:

Ըստ Tehran times-ի, Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է: «Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության փորձ ամենևին ընդունելի չէ»,- ասել է նա: Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել:

Իր հերթին՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը: Սակայն ուշագրավ է, որ այս հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունում ոչինչ չկա հանդիպման բովանդակության՝ քննարկված հարցերի ու ներկայացված դիրքորոշումների մասին։


Նշվում է միայն, որ Հաջիևը Փեզեշքիանին հրավիրել է Ադրբեջան։



44-օրյա պատերազմից հետո Իրանն այն եզակի գործընկերն ու հարևանն է, որն իր ուղիղ դիրքորոշումներով աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դեռևս նախկին նախագահի օրոք իրանցի պաշտոնյաները հայտարարում էին, թե ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, և Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, Իրանը նաև հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում։


Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վնասաբերության մասին։ Հուլիսի վերջին աշխատանքային այցով ԻԻՀ մեկնած Նիկոլ Փաշինյանին ընդունելով՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդը շեշտել էր Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի համարում, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը բխում է Հայաստանի շահերից։


Հաջիևի հետ զրույցն առաջիններից է, երբ նոր նախագահ Փեզեշքիանը ևս ուղիղ արտահայտվում է ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին, քանի որ ակնհայտորեն այդ հայտարարություններն առնչվում են ՀՀ-ի շուրջ ռեգիոնալ զարգացումներին։ Տարեսկզբից արդեն մի քանի անգամ իր հանրային ելույթներում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել է ռեգիոնալ կոմունիկացիաների բացման հարցին՝ Երևանից պահանջելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող անխոչընդոտ ճանապարհ ՀՀ տարածքով։


Մեկ շաբաթ առաջ Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում երեք անգամ արտաբերել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը, հայտարարելով, թե «Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև»։


Աղբյուր: 168.am

Լուրեր Հայաստանից