Ե՞րբ է առաջին անգամ կիրառվել «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայանը

Օրերս 168.am-ը մանրամասն անդրադարձել է «Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործին, որոնցով անցնում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Անպիտան ռադիոլոկացիոն կայանի» գործը հեռահար նպատակնե՞ր է հետապնդում, ո՞րն է գեներալների մեղավորությունը» վերտառությամբ հոդվածում գրել ենք, որ 2016թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը, ինչպես նշվում է քրեական գործում:

Իսկ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան։

Մենք փոխանցել ենք նաև Հանրային հեռուստաընկերությանը Դատախազության հայտնած տեղեկություններն այն մասին, որ 2017թ. այդ տեխնիկան մատակարարվել է ՀՀ ԶՈՒ և ՊԲ զորամասերին, սակայն, ըստ դատախազության, առաջին իսկ կիրառության ժամանակ այդ տեխնիկան չի կատարել առաջադրված խնդիրը: Եվ դրանից մեկ տարի անց հրավիրվել են ՌԴ մասնագետներ՝ վերացնելու թերությունները, աշխատանքները կատարվել են, սակայն, ըստ դատախազության, թերի են կատարվել:

Հիշատակված ռազմական տեխնիկան երաշխիքային սպասարկման մեջ է գտնվել մինչև 2019թ. փետրվարի 7-ը, ուստի Դատախազությունն այն կարծիքին է, որ մինչև դա կարող էին պատասխանատուները ՌԴ մասնագետներ հրավիրել:

Սրանից հետո մենք որոշակի ուսումնասիրություններ ենք կատարել և հայտնաբերել, որ «Զինուժի»՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին հեռարձակված թողարկման ժամանակ ԶՈւ հրթիռահրետանային զորամասերից մեկի ճամբարային հավաքի կամ մարտկոցի կազմով զորավարժանքի մասին պատմող ռեպորտաժում անդրադարձ է կատարվել «Աիստյոնոկ» ռադիոլոկացիոն կայանին:

Ե՞րբ է առաջին անգամ կիրառվել «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայանը

«Զորավարժության ընթացքում առաջին անգամ կիրառվեց «Աիստյոնոկ» ռադիոլոկացիոն համալիրը: ՌԴ ռազմարդյունաբերության նորագույն այս սարքավորումը հայտնաբերելով և ավտոմատ հաշվարկելով հակառակորդի արձակած արկի արագությունն ու թռիչքուղին, հնարավորություն է ընձեռում բացահայտել այն արձակած ականանետերի, հրետանային միջոցների և շարժվող նշանակետերի կոորդինատները»,- ասվում է «Զինուժի» ռեպորտաժում, որտեղ տեղեկացվում է նաև, որ սարքն ունի բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կիրառողներին արագ և ճշգրիտ կողմնորոշվելու և հակառակորդի կրակային դիրքերը խոցելու:

Այստեղից հարց է առաջանում՝ ձեռք բերված 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված անպիտանության խնդիրը ե՞րբ է առաջ եկել կամ հայտնաբերվել, արդյո՞ք «Զինուժի» այս ռեպորտաժից հետո, որտեղ խոսվում է սարքի ընձեռած հնարավորություններից:

Այսինքն, հենց այս զորավարժության ընթացքում կայանը կիրառելի՞ս է անպիտանության խնդրի առկայությունը բացահայտվել, եթե այո, նշանակում է՝ սարքը կիրառվել է ՀՀ զինված ուժերին և ՊԲ-ին մատակարարելուց մեկ տարի ա՞նց միայն, առանց մինչ այդ փորձնական ստուգմա՞ն:

Այս հարցադրումն առաջանում է, որովհետև Դատախազությունը նշում է, որ «առաջին իսկ կիրառության ժամանակ այդ տեխնիկան չի կատարել առաջադրված խնդիրը»՝ չմանրամասնելով՝ կոնկրետ երբ և ինչ պայմաններում է առաջին անգամ կիրառվել կայանը:

Դատախազությունը միաժամանակ պնդում է, որ «44-օրյա պատերազմի ժամանակ պարզ է դարձել, որ ռադիոլոկացիոն կայանները պիտանի չեն, և դրանք հանվել են կիրառությունից»:

Այսինքն, թերի ձևով խնդիրների վերացման փաստն էլ 44-օրյա պատերազմի ընթացքո՞ւմ է պարզվել, եթե հաշվի առնենք, որ 2018-ին ՌԴ մասնագետներ են եկել Հայաստան խնդիրների վերացման նպատակով, և, ըստ դատախազության, աշխատանքները թերի են կատարել:

Իսկ ինչո՞ւ նախքան 44-օրյա պատերազմը չի ստուգվել ՌԴ մասնագետների աշխատանքի որակը, եթե, իհարկե, որպես ճշմարտություն ընդունենք Դատախազության՝ 44-օրյա պատերազմում ռադիոլոկացիոն կայանի կիրառման հետ կապված տեղեկությունը: Այս թեմայով և հարուցված քրեական գործով դեռ շատ բաներ կան պարզվելու:

Սակայն փաստ է՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Զինուժի» ռեպորտաժում խոսվում է դրա առաջին անգամ կիրառության, առավելությունների և հնարավորությունների մասին: Եվ այս տարիներին ոչ մի անգամ հրապարակավ չենք լսել ռազմական այդ տեխնիկայի խնդիրների մասին, և ոչ էլ քրեական գործ է հարուցվել, թեպետ սպասարկման երաշխիքային ժամկետի ավարտից անցել է՝ 6, իսկ 44-օրյա պատերազմից՝ 5 տարի: Ուստի անհնար է չտեսնել 44-օրյա պատերազմի պարտությունը նաև այս ձևով բանակի վրա բարդելու ՀՀ իշխանությունների քաղաքական նպատակները, ինչո՞ւ ոչ՝ նաև ցույց տալու, որ նախկինների օրոք ռուսական անպիտան տեխնիկա է բերվել, թալան, կոռուպցիա է տեղի ունեցել: Սպասենք իրադարձությունների զարգացումներին:

Լուրեր Հայաստանից