Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսները, ինչպիսին ՌԴ-ԱՄՆ բանակցությունները, Եվրոպայում առկա անորոշությունն ու այդ թվում՝ մեր տարածաշրջանում ինտենսիվ շփումներն են, չեն շրջանցելու Հայաստանը և անդրադառնալու են նաև ՀՀ իշխանությունների ճակատագրի վրա:
«Պարզապես, քանի որ իրենք էլ են հասկացել, որ իրենցից ոչինչ կախված չէ, թուլացել և հաճույք են ստանում: Բա ի՞նչ անեն: Անգամ Եվրոպայի ղեկավարներին են կարծես թե անտեսում, իգնոր են անում, և, բնականաբար, այս կարգի անիմաստ ղեկավարությանը պետք է իգնոր անեն, և ամեն ինչ որոշելու են առանց նրա: Մնում է՝ միայն աղոթենք, որ աշխարհաքաղաքական այս վայրիվերումներից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գանք, որովհետև չկա Հայաստանի պետության, ժողովրդի շահերը պաշտպանող որևէ մեկը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դիտարկմանը՝ իշխանությունների հիմնական արդարացումն այն է, որ՝ աշխարհում միշտ էլ տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, ի՞նչ անեն, ներքին օրակարգերը չսպասարկե՞ն, Կարեն Քոչարյանն արձագանքեց.
«Ներքին օրակարգը ո՞րն է, ասեն, որ Ադրբեջանը խանգարում է ընդունել իր իսկ թելադրած Սահմանադրությո՞ւնը: Այս մարդկանց ամեն ինչը ֆեյք է: Տեսեք՝ ինչ ունիկալ բան են ասում. Ալիևի ու Էրդողանի առաջարկած Սահմանադրությունն են առաջարկում դնել քվեարկության, հայտարարում են հանրաքվեի գնալու մասին, իսկ երեկ ՔՊ-ականներն ասում են՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի նոր Սահմանադրության ընդունումը: Ինչի՞ համար, ի՞նչ են անում, որ խանգարում են, ասում են, էլի, ով կուտի՝ կուտի: Փառք Աստծո, հույս ունեմ, որ ուտողների քանակը շատ քչացել է հիմա: Ամեն տեղ տեսանելի են բողոքի ակցիաներ, թեկուզ լոկալ, փոքր, բայց բոլոր բնագավառներում են դրանք: Երկրորդ՝ նստում ես տաքսի, եթե այն ժամանակ այլ էր իրավիճակը, ապա հիմա հայհոյանք կա Երևանի երկնքում: Այսպիսի իրավիճակ է: Հասկանում ես, որ չկա նախկին էնտուզիազմը»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ նախկին աջակցությունը չունի, դրա համար տարբեր քայլերի է գնում. «Պանիկայի մեջ՝ փոխում է իր ոլորտը. հեծանվորդից դառնում է յութուբեր, յութուբերից՝ խոհարար, խոհարարից՝ չգիտեմ՝ ինչ: Նա հիմա իր իշխանության ղեկին լինելու ողջ ժամանակահատվածի ամենաթույլ դիրքերում է, անգամ ավելի թույլ, քան 2020թ. պատերազմից հետո՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական վիճակը: Ես ինչպես ներքաղաքականն եմ բաժանում նոյեմբերի 9-ից առաջ և հետո, աշխարհաքաղաքականը Թրամփի ընտրվելուց առաջ և հետո է բաժանված: Հիմա Հայաստանում և ոչ միայն, ներքին ազդակները ոչ ոքի չեն հետաքրքրում. Եվրոպայում էլ շունչները պահած՝ սպասում են՝ ինչ նոր բան են մոգոնելու Թրամփը կամ Մասկը»:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Թրամփի իշխանության գալուց և ջրբաժաններ գծելուց հետո Գյումրիի ՏԻՄ ընտրություններն առաջին լուրջ պրոցեսի մեկնարկ են լինելու.
«Դա լինելու է լակմուսի թուղթ և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար: Ցավոք, ընդդիմությունն իրար ուտելով է զբաղված, բայց չես կարող ասել՝ ինչպես կփոխվի, եթե այնտեղ իշխանությունը չհաղթի»:
Անդրադառնալով ԵՄ-ԵԱՏՄ կեղծ երկընտրանքի դիսկուրսին, Կարեն Քոչարյանը շեշտեց՝ չի հավատում, թե իր թերթում՝ «ՀԺ»-ում, «եվրայոնջա» գրած Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ Եվրոպա և համալրել «յոնջաների» շարքը.
«Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» բազմիցս «եվրայոնջա» արտահայտությունն է օգտագործել: Իրականում, եթե Եվրոպան ազդակ տա, վատ չէ, բայց մի կողմից՝ դա ինչպես կանդրադառնա տնտեսության վրա, ոնց ենք մենք դրանից դուրս գալու, եթե այն հայտարարությունները լսենք, որ՝ պատրաստվեք ցուրտ ձմեռների և այլն, բայց մյուս կողմից, ես համոզված եմ, որ սա ավելի շատ նախընտրական քարոզչություն է: Շարքային ընտրողին հրամցնելու են, որ՝ դու հանգիստ կարող ես գնալ Եվրոպա, ոնց որ արդեն մի անգամ ասացին՝ Ռուսաստան էիր գնում՝ խոպան, կգնաս Եվրոպա՝ խոպան, առանց հասկանալու, որ Եվրոպան խոպան չի կարող լինել: Մի ստվար ընտրազանգված կա, որը կարծես վաղուց իրենը չէ, բայց կարող է դրանով գայթակղվել, որը բլեֆ է: Դա կարող են օգտագործել, եթե Եվրոպան լինի ուժեղ, ինչին հիմա չեմ հավատում, բայց ինչպես ժամանակին Վրաստանին և Ուկրաինային էր աջակցել, ի աջակցություն Փաշինյանի՝ առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել: Քանի որ խաղաղության խաչմերուկի թուղթը ոչ մի կերպ չի ստացվում, որ գոնե այդ թուղթը թափահարի ընտրություններից առաջ»:
26.02.2025 в 21:55
02.02.2025 в 21:47
01.02.2025 в 20:57
29.01.2025 в 21:25
05.02.2025 в 19:24
28.01.2025 в 22:28
03.02.2025 в 00:12