
Ապրիլի 4-ին հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում է այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը մասնակցել է ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։
Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես 3-րդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։
Դեսպանին դիմավորել և միջոցառմանը մասնակից են դարձել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ։
Դպրոցականները հանդես են եկել Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշել է, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում է լավագույնը։
Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։
Մայիսին կայանալու է «Հայաստան-Իրան բարեկամական կամուրջ» խորագրով հանրապետական մրցույթ, որին մասնակցելու են նաև Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։
04.04.2025 ժամը 23:41 | Հայաստան
01.04.2025 ժամը 14:46
26.01.2025 ժամը 19:18
26.01.2025 ժամը 01:31
29.01.2025 ժամը 20:10
02.02.2025 ժամը 23:45
31.03.2025 ժամը 21:04