Արմինե Օհանյանի գնահատականը Գյումրու ընտրություններին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Գյումրու ընտրությունների հանգուցալուծմանը սպասող հանրությունը թեթևացած շունչ քաշեց: Իհարկե, «ոմանք» հուսահատություն ապրեցին, որ գործող իշխանությունները պարտվեցին, բայց մեծամասնությունը, որն ակնկալում էր, որ Գյումրիում ընդդիմադիրները կմիանան և քաղաքը կվերցնեն ՔՊ-ից, մեծ ոգևորություն է ապրում և հեռուն գնացող եզրակացություններ անում. Գյումրին դառնալու է այս իշխանությունների վերջի սկիզբը, սրանով հող ստեղծվեց երկրով մեկ ՔՊ-ի պարտությունն ապահովելու և հեռացնելու համար:
ՔՊ-ի նկատմամբ վստահության կորուստը
Այսինքն, իշխանական լծակներն այլևս չեն ապահովում սրանց հաղթանակը, քանի որ ՔՊ-ն՝ իր առաջնորդով, կորցրել է հանրային վստահությունը, լցրել մարդկանց համբերության բաժակը, վատնել իրեն տրված ժամանակը եւ ի չար պետության գործադրել ստացած մանդատը:
Իհարկե, իշխանությունը, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ չեն հաշտվում պարտության գաղափարի և իշխանություն կորցնելու հեռանկարի հետ: «Հարսնացուն», ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կկծի, կխփի... բայց դրանք իշխանական վայելքները կորցնողի հուսահատ շարժումներ են, որոնք հաջողությամբ չեն պսակվելու՝ սա պետք է արձանագրել:
Ընդդիմության առաջիկա քայլերը
Եվ ամենակարևորը՝ հիմա շատ բան է կախված ընդդիմության պահվածքից ու որոշումներից:
Գյումրիում ստացած քվեներն ու Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը նոր ճանապարհի սկիզբն են: Առաջին քայլն արվել է, մնում են հաջորդները:
- Նախ՝ թույլ չտալ, որ քրեական մեթոդներով կրկին ժողովրդից խլեն իր քվեն եւ չընտրված անձին քաղաքապետ նշանակեն, ընդդիմության հանդեպ էլ տեռոր կիրառեն։
- Երկրորդ՝ դադարեցնել ընդդիմության ներսում գզվռտոցն ու կենտրոնանալ համապետական հաղթանակի վրա։
- Երրորդ՝ հուսախաբ չանել ընտրողին, որ Գյումրին հակառակ էֆեկտն ունենա՝ մարդկանց համոզի, որ նախկիններին չի կարելի իշխանություն վստահել, որովհետև նրանք այս 7 տարվա ընթացքում դասեր չեն քաղել, հետևություններ չեն արել և չեն հասկացել, որ պաշտոնյաների հղփանալը մի օր հենց իրենց քթից է գալիս:
Գյումրու ընտրությունների քաղաքական ազդակը
Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Գյումրիում ձախողվելը նաեւ ցույց տվեց, որ ինտրիգներով, անօրինական, հակաժողովրդավարական մեթոդներով այլեւս հնարավոր չէ իշխել երկրում: Ինչպես ասում են՝ պապն ամեն անգամ գաթա չի ուտում... երբեմն էլ գաթան տատին է բաժին հասնում:
Վերջապես՝ երկիրն աղետի հասցրած և ներսում-դրսում ձախողված իշխանությունների հաղթարշավը մի տեղ պետք է կանգներ, և դրա առաջին կանգառը Գյումրին էր։