Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում

Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված:


«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքների, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Արամ Տերտերյանի հետ:


Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում


Մասնագետը նշեց՝արդեն վաղուց ապացուցված է, որ վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում քրոնիկ սրտային խնդիրների կտրուկ սրացման հարցում, այդ իսկ պատճառով ընդհանրապես քրոնիկ սրտային հիվանդներին՝ հատկապես միջին տարիքից բարձր, միշտ խորհուրդ է տրվում օգտվել հակավիրուսային միջոցներից, այսինքն՝ կիրառել հակագրիպային պատվաստանյութը:


«Ցավոք, գրիպի վակցինայի կիրառումը մեծ արձագանք չի գտնում մեր բնակչության մոտ, բայց ապացուցված է, որ այն ունի մեծ պաշտպանիչ հատկություն: Պատվաստանյութը հասանելի է մեր հանրապետության բոլոր բուժհաստատություններում: Խրոնիկ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող, բայց պատվաստված բուժառուների մոտ վիրուսի հետ հանդիպումը էական թեթև ընթացք է ունենում: Նշեմ, որ հատկապես այս տարի շատ ծանր ընթացք և բարդություններ առաջացնող վիրուսներ ունենք և՛ շնչուղիների, և՛ սրտային խնդիրների դրսևորումներով»,- ասաց Տերտերյանը:


Մասնագետը հորդորեց միանշանակ պատվաստվել՝ հաշվի առնելով, որ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են տվյալ սեզոնին առկա շտամների հիման վրա:


Հարցին, թե ինչպե՞ս ունենալ և պահպանել առողջ սիրտ, մասնագետը նշեց՝ չնայած մեր օրերում դժվար է, սակայն հնարավոր է առօրյայում շատ պարզ քայլեր կիրառել և ունենալ առողջ սիրտ։ Ըստ նրա՝ դա, իհարկե, նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունը՝ մասնավորապես սպորտով զբաղվելը և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, ամբողջությամբ ծխախոտից հրաժարվելը, ինչպես նաև որոշակի տարիքից հետո պարտադիր է գանգատների դեպքում բժշկի դիմելը:


24.02.2025 в 22:39

Լուրեր Հայաստանում