ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի քրեական գործով դատական նիստը:
Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը իր տեղակալի միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված:
Քրեական գործով գրավոր ապացույցների փուլում այսօր մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը ներկայացնում էր գործին առնչվող անձանց հեռախոսային զրույցների սղագրությունները, որոնց պատասխանող տալիս էր իր մեկնաբանությունները:
Քանի որ նախապես համաձայնեցված էր, որ այսօրվա նիստը տեւելու է երկու ժամ, այն ընդհատվեց: Հաջորդ դատական նիստը, էլի ըստ նախնական պայմանավորվածության, կկայանա փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին:
Նիստի ավարտին Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 168.am-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դատելով դատախազության ընկալումներից եւ դատելով այն ապացույցներից, որոնք դատախազության տնօրինման տակ եղել են, մենք հասկացել ենք, որ ծայրաստիճան ոչ ադեկվատ է այդ ընկալումը եւ հետեւաբար ակնկալիք չունենք, որ այն ինչ-որ կետում ադեկվատ կդառնա, որովհետեւ այժմ, կարծում եմ, դատախազությունն այն փակուղում է, որտեղ ինքն իր դեմ չի կարող պայքարել: Եվ ստիպված է լինելու բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով նույնիսկ պարզ, շիտակ, սեւով՝ սպիտակի վրա գրվածը այլ կերպ մեկնաբանել: Այլընտրանք, կարծում եմ, չունի դատախազությունը, եթե չունենա բավարար քաջություն՝ դադարեցնելու այդ գործընթացը»:
Հարցին, թե այս գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Այն պնդումները, որոնք ես կատարել եմ իմ առաջին եւ երկրորդ ասուլիսներում, պահպանվում են: Ուղղակի քաղաքականը պետք է ճիշտ ընկալել: Ամենայն հարգանքով, բայց ոչ թե հասարակության մեջ տարածված ընկալման իմաստով, այլ ԵԽ եւ ԵԴ կողմից արտահայտված իմաստներով: Այսինքն, դրանք, անպայման չի, որ բարձրագույն իշխանության ինչ-որ մեկի հանձնարարությունը լինեն: Դրանք կարող են համակարգի ներսում ձեւավորվող մրցակցության եւ հակազդեցության բերումով լինել»:
Աղբյուր: www.aravot.am