Հայաստան
Փաշինյանը քաղաքական բանկրոտ է. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններն իրենց փրկությունը Հայաստանի սահմաններից դուրս են փնտրում, քանի որ հայկական օրակարգ չեն սպասարկում և հայկականի հետ որևէ կապ չունեն:
«Ցավոք, որպես փաստ դա պետք է արձանագրենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի և իր իշխող մեծամասնության կողմից արդեն 7 տարի ականատես ենք լինում ոչ հայանպաստ քայլերի և զարգացումների: Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական խաղադրույքն արել էր ԱՄՆ պարտված իշխանության վրա, քանի որ պահպանողական գաղափարախոսությամբ մարդիկ փաշինյանական գաղափարախոսության համար ատելի են: Մեր երկիրը ոչ թե բալանսավորված դիվանագիտություն էր վարել, այլ փաստացի սեփական իշխանությունն ամրագրելու համար ինչ-որ բաներ էր պայմանավորվել, որոնք այսօր հօդս են ցնդել, որովհետև ԱՄՆ-ում իշխանությունը փոխվել է: Այսօր ԱՄՆ-ում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, որի մեջ Հայաստանի անունը դեռևս չենք լսում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Փաշինյանը հանդիպեց ոչ թե Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների, այլ կրոնական որոշ կառույցների ղեկավարների, ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող սենատորների և կոնգրեսականների հետ. «ԱՄՆ-ում նրան ցույց տվեցին, որ ուղղակի ձևի համար հանդիպումներ են իրականացրել: Դոնալդ Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների հետ: Այսօր կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ը քաղաքական մեսիջ է ուղարկել նաև Հայաստանի հանրությանը, որ Փաշինյանն այլևս նրանց համար քաղաքական գործոն չէ և անհետաքրքիր պերսոնաժ է՝ քաղաքական առումով»:
Աղբյուր: 168.am