Լևոն Քոչարյանի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատախազը բարձր պաշտոն է ստացել


Երևան քաղաքի դատախազության նախկին ավագ դատախազ Հայկ Հարությունյանը դատախազությունից տեղափոխվեց ոստիկանություն։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ Հարությունյանն այսօր նշանակվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում։


շՀայկ Հարությունյանի՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից ազատման մասին պաշտոնապես հայտնի դարձավ հունվարի 31-ին՝ դատախազության հաղորդագրությունից։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Հարությունյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։


Նա որպես հանրային մեղադրող ներգրավված էր մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի, «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործերով։


«168 Ժամ» լրատվականն օրերս՝ մինչև գլխավոր դատախազի ՝ Հարությունյանին պաշտոնից ազատման հրամանը, գրել էր, որ Հարությունյանին իրականում «գցել» են՝ խոստանալով ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնը և հանգիստ կյանք, սակայն այդ պաշտոնում նշանակել են այլ անձի, երբ Հարությունյանն արդեն ազատման դիմում էր ներկայացրել։


Աղբյուր: www.aysor.am

Լուրեր Հայաստանից