Հայաստանի ժողովրդավարության ամենամյա ինդեքսն իջնում է

Հրապարակվել է Economist Intelligence Unit-ի (EIU) ժողովրդավարության ամենամյա ինդեքսը, ըստ որի Հայաստանի ժողովրդավարության համաթիվը երկրորդ տարին անընդմեջ անկում է ապրել նախորդ տարվա համեմատ՝ 5,42-ից իջնելով 5,35 (10 բալանոց համակարգում)։


Այս արդյունքը Հայաստանին դասում է հիբրիդ ռեժիմների շարքում՝ հետ պահելով ժողովրդավարություններից և թերի ժողովրդավարություններից։

Դիտարկվող 5 դասակարգերում անկումը գրանցվել է միայն մեկում՝ «Կառավարության գործունեության» մեջ (Functioning of government)` 4.64-ից նվազելով 4,29-ի։


Նախորդ տարվա անկումը ևս պայմանավորված էր նույն դասակարգում գնահատականի անկմամբ՝ 5,71-ից։

Ինչո՞ւմ է EIU-ը տեսնում Հայաստանի ժողովրդավարական հետընթացը։


Ինչպես գրում է ԵՊՀ դասախոս Նարեկ Սուքյասյանը՝ Կառավարության գործունեություն» դասակարգը, որտեղ էլ գրանցվել է Հայաստանի այս տարվա հետընթացը, գնահատում է իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմը, այն թե ինչքանով են կառավարության որոշումները կայացվում ընտրված ներկայացուցիչների կողմից, կառավարության անկախությունը ներքին ու արտաքին անհարկի ազդեցություններից, դրա հաշվետվողականությունը, թափանցիկությունը, օրենսդիր մարմնի գերակայությունը, կառավարության և կուսակցությունների հանդեպ հանրային վստահությունը, կոռուպցիան, քաղծառայողների կարողությունն ու կամքը իրականացնելու կառավարության քաղաքականությունը, քաղաքացիների ընկալումը՝ ազատ ընտրության և իրենց կյանքը կառավարելու մասին։

Այս տարի աշխարհում ժողովրդավարության անկումը ամենամեծն է եղել հենց այս դասակարգում։


Հայաստանի ժողովրդավարական հետընթացը վերջին մի քանի տարիներին արձանագրվել է նաև միջազգային այլ զեկուցներում` Freedom House-ի Nations in Transit զեկույցում, Varieties of Democracy զեկույցներում։


Սրանով հանդերձ Հայաստանը մնում է տարածաշրջանում առաջատարը՝


Ադրբեջան` 2,80 (126-րդ հորիզոնական),

Վրաստան` 4.70 (94-րդ),

Թուրքիա՝ 4,26 (103-րդ ),

Իրան՝ 1.96 (154-րդ ),

Ռուսաստան 2,03 (150-րդ),


զիջելով Մոլդովային 6,04 (71-րդ հորիզոնական), որը միակն է հետսովետական երկրներից (բացառությամբ Բալթիկ երկրների), որը չի դասվում հիբրիդ կամ ավտորիտար ռեժիմների խմբին, այլ զբաղեցնում է պատվավոր վերջին հորիզոնականը թերի ժողովրդավարությունների խմբում։


Մյուս երկրների համեմատ Հայաստանը այս տարի անգամ բարելավել է իր համեմատական դիրքը աշխարհում՝ երկու հորիզոնականով (84-ից՝ 82), անգամ ժողովրդավարության անկում գրանցելու պարագայում՝ ի հաշիվ նրա, որ այլ պետություններ ավելի մեծ հետընթաց են ունեցել։ Այս տարի ընդամենը 37 պետություն է գրանցել ժողովրդավարական առաջընթաց՝ այն էլ հիմնականում չնչին, 83-ը՝ հետընթաց (որոնց թվում է Հայաստանը), 47-ը՝ մնացել անփոփոխ։

Լուրեր Հայաստանից